Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ճշմարտությունը ջնջելով՝ Եկեղեցու որոշումները չեն փոխվում

Ճշմարտությունը ջնջելով՝ Եկեղեցու որոշումները չեն փոխվում
29.07.2026 | 12:10

Մասիսի Սուրբ Թադեոս Եկեղեցի ֆեյսբուքյան էջում այսօր կարգալույծ Արման Սարոյանին անվանել են «Գերաշնորհ Տեր ․․․ Եպիսկոպոս»։ Եկեղեցու քահանան էլ նրան սրբազան հայր է կոչել։ Թողեցի մեկնաբանություն, որը սպասելի կերպով հեռացրեցին։

Նախ՝ իմ թողած մեկնաբանությունը․

«Ձեր գրածը պարզապես շնորհավորանք չէ, այլ ծաղր է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգի, կանոնի և նվիրապետության նկատմամբ։

Կարգալույծ անձին «Գերաշնորհ Տեր ․․․ Եպիսկոպոս» կոչելը ոչ թե հարգանք է, այլ Եկեղեցու որոշումների բացահայտ արհամարհում։

Եթե Եկեղեցու պաշտոնական որոշումները ձեզ համար արժեք չունեն, ապա գոնե մի՛ ներկայացրեք ձեր անհնազանդությունը որպես եկեղեցասիրություն։

Գոնե անսացեք Պողոս առաքյալի հորդորին․ «Եվ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի» (Ա Կորնթ. 14:40), «որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14:33)։

Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, ոչ թե անձնական հավակնությունների կամ ապստամբության հարթակ։

Առաջնորդարանը զավթելը և հետո եկեղեցական կոչումներով ներկայանալը չի փոխում եկեղեցական իրականությունը։ Անօրինությունը օրինական չի դառնում նրանով, որ շատերն են այն ծափահարում։

Եթե այս գրառումը հեռացնեք, ապա կհրապարակեմ իմ էջում»։

Սակայն մեկնաբանությունը ջնջելով հնարավոր չէ ջնջել ճշմարտությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական իշխանության կողմից ընդունված կարգալուծության որոշումը չի վերանում այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ շարունակում են տվյալ անձին կոչել «Գերաշնորհ Տեր ... Եպիսկոպոս», շնորհավորական ուղերձներ գրել կամ սոցիալական ցանցերում հեռացնել հիմնավոր կարծիքները։

Կարգալուծությունը պարզապես վարչական ակտ չէ։ Այն նշանակում է, որ տվյալ անձը ոչ միայն զրկված է եկեղեցական աստիճանի իրավունքներից, այլ նաև քահանայական կարգից, օծումից, շնորհից, ձևից, նշանից և այլևս չի կարող ներկայանալ այդ կոչումով։ Հայ Եկեղեցու կանոնական իրավունքը հստակ ցույց է տալիս, որ կարգալույծը վերադարձվում է աշխարհականների դասին։ Առանձին, առավել ծանր դեպքերում կանոնները նախատեսում են նաև նզովքի պատիժ։

Սուրբ Կիպրիանոս Կարթագենացին, խոսելով Եկեղեցու միասնության մասին, հարցնում է. «Արդյո՞ք նա, ով հակառակվում և գործում է ընդդեմ Եկեղեցու, կարող է հուսալ, որ ինքը Եկեղեցու մեջ է»։ Ապա ընդգծում է. «Եպիսկոպոսությունը մի է», իսկ Եկեղեցուց անջատվածի մասին ասում է, որ նա «օտարանում է Եկեղեցու ուխտից»։

Սա որևէ անձի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի հարց չէ։ Սա վերաբերում է Եկեղեցու կանոնական կարգին, օրինականությանը և նվիրապետությանը։

Անօրինությունը օրինական չի դառնում, նույնիսկ եթե շատերը ծափահարեն այն կամ ջնջեն քննադատական մեկնաբանությունները։

Հիշե՛ք, որ Եկեղեցու կանոնները չեն փոխվում ո՛չ լայքերով, ո՛չ ծափերով, ո՛չ էլ ֆեյսբուքյան գրաքննությամբ։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ